ՀՅԴ ուսանողական միությունից հեռացված անդամները հերքում են իրենց ուղղորդված լինելու մասին լուրերը

15:11, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության «Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն»-ից արտաքսված, մեկուսացված նախկին և ներկա անդամները հերքում են այն լուրերը, թե իրենց գործողությունները ուղղորդված են գործող իշխանությունների կամ սփյուռքի դաշնակցական կառույցների ընդդիմադիր գործիչների կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ուսանողական միության նախկին անդամ Անուշիկ Հովհաննիսյանը:

«Պիտակավորումների համար ղեկավարությունը սահմանել է երկու թեզ` արտաքին և ներքին լսարանի համար: Արտաքին լսարանի համար մեզ պիտակավորում են որպես իշխանական թև, իշխանությունից ուղղորդված, մեր գործողությունները կապելով հիմնականում ղեկավարող կուսակցության հետ: Չենք ժխտում, որ այսօր կա հակադաշնակցական արշավ, և դյուրին է ավելի այս ազնիվ մղումը կապել իշխանական թևի հետ, և տանել հակադաշնակցական արշավի ուղով: Երկրորդ թեզը` արդեն ներկուսակցական շրջանակների համար շատ ավելի խղճուկ իրավիճակ է իրենից ներկայացնում` սփյուռքի դաշնակցական կառույցների, տարբեր անհատների, որոնք իրենց կերպարով և՛ ընդդիմադիր են, և՛ չեզոք, իրենց կողմից ղեկավարվելու թեզն է առաջ քաշվել»,- ասաց Հովհաննիսյանը:

«Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» նախկին անդամ Արտակ Մելիքյանը նշեց, որ իրենք իրենց քայլով չեն հեռացել դաշնակցության գաղափարներից ու պատկերացումներից:

«Մեր արտաքսմանը հաջորդած մի շարք հարցազրույցներից հետո Դաշնակցության վերնախավը գործի դրեց իր բոլոր միջոցները, որպեսզի մեր անկեղծ նպատակները մրոտի և սև ներկայացնի: Մեր շարժումը նպատակ է ունեցել միայն ՀՅԴ առողջացման: Մենք մեր գաղափարներից ու պատկերացումներից չենք հեռացել, ուղղակի Հրանտ Մարգարյանի ձևավորած օրակարգն է ներկայիս դաշնակցությանը հեռացրել իր գաղափարներից»,- նշեց Մելիքյանը:

Ուսանողները դեռ չեն որոշել, թե հետագայում ինչ քայլեր են ձեռնարկելու, սակայն նշում են, որ իրենց գործունեությունը ծառայեցնելու են հայրենիքին:

Հայ յեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» շուրջ 60 ուսանող հեռացվել և հեռացման դիմում է գրել: Ուսանողների մեկուսացման և միությունից հեռացման պատճառ է դարձել այն, որ վարչությունը հրաժարվել է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին մասնակցելու` Դաշնակցության Գերագույն մարմնի հրահանգը: Նոյեմբերի 7-ին մեկնարկել էր ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը:


© 2009 ARMENPRESS.am