ՀՀ-ն ռազմավարական կարևորություն ունի. Նիդերլանդների ԱԳՆ-ն՝ Երևանում դեսպանատուն բացելու մասին

11:21, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, հետևաբար ռազմավարական կարևորություն ունի: 2018 թվականի ապրիլին այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդերլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Այս պահին Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդերլանդները դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաև Երևանում»,- ասված է հիմնավորման մեջ:

Դեկտեմբերի 5-ին Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է Արտաքին գործերի նախարարության 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։ Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: 

 


© 2009 ARMENPRESS.am