ՀՀ նախագահը «Կատար Էյրվեյզ»-ի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

16:48, 15 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բակերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ ընկերության համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ողջունելով երկու բարեկամ երկրների միջև «Կատար Էյրվեյզ»-ի կողմից ուղիղ օդային կապի ապահովումն ու հաջող գործունեությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել չվերթների ավելացման, ինչպես նաև Հայաստանը որպես տարանցիկ չվերթների իրականացման ուղղություն դիտարկելու հնարավորությունը։ «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել մեր երկրի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները՝ նշելով, որ երկու ժողովուրդների, ինչպես նաև նախագահ Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ բարեկամական հարաբերությունները լավ հիմքեր են ստեղծում հետագա գործակցության համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ընկերության գործունեության, խնդիրների և առաջիկա ծրագրերի շուրջ։ 


© 2009 ARMENPRESS.am