Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները

21:10, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և մենք» համերգաշարը եզրափակեց գեղեցիկ ծրագրով՝ հնչեցնելով կոմպոզիտորի՝ ուսանողական տարիներին գրված «Բեռլինյան պատարագ»-ը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 

«Կարծում եմ՝ սա հանդուգն և անհավատալի ծրագիր է: Մենք մի քանի համերգով բեմ բարձրացրինք կոմիտասյան բոլոր խմբերգերը, հոգևոր ստեղծագործությունները:  «Կոմիտասը և մենք» խորագիրը պատահական չէ. ցանկանում ենք ցույց տալ, թե այսօրվա կոմպոզիտորական միտքն ուր է հասել՝ ունենալով Կոմիտասի երաժշտությունը որպես հիմք: Հնչեցրել ենք նաև Տիգրան Մանսուրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Ալեքսանդր Հարությունյանի գործերը»,-նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանը: 

Նրա խոսքով՝ յոթերորդ համերգը նախատեսում են իրականացնել Երուսաղեմում, որտեղ հայ-հրեական մշակութային կենտրոն պետք է բացվի: 

«Կոմիտասը և մենք» համերգաշարի մեկնարկը տրվել է 2019 թվականի փետրվարի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:


© 2009 ARMENPRESS.am