Զարուհի Բաթոյանը առողջության ապահովագրության համակարգը համարում է սոցիալական լուրջ ներդրում

16:52, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կողմ է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաթոյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե առողջության ապահովագրությունը ներդրվի: Անհամբերությամբ սպասում եմ դրան, որովհետև, մեր ոլորտի բազմաթիվ խնդիրներ միանգամից կլուծվեն»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:  

Նրա խոսքով՝ առողջության պարտադիր ապահովագրությունը սոցիալական լուրջ ներդրում է:

«Գուցե մենք այնտեղ լուրջ ռեսուրսներ ներդնենք, բայց սոցիալական ոլորտում լուրջ ռեսուրսներ կարող ենք խնայել, որովհետև աղքատության կրճատման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների ամենաառաջնային կարիքները առողջապահական ոլորտում են և մարդիկ դիմում են սոցիալական որևէ կարգավիճակ ստանալու, որպեսզի առողջապահական ծառայություն ստանան»,- ընդգծեց Բաթոյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության փաթեթ՝ առաջարկելով աշխատող քաղաքացիների աշխատավարձից պահել ամսական 6 տոկոս առողջության հարկ:

Դեկտեմբերի 7-ին՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ «առողջության հարկ» նախատեսող հայեցակարգի վերաբերյալ դեռ վերջնական կայացված որոշում չունիՆա տեսնում է հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք:


© 2009 ARMENPRESS.am