Գնահատել և հոգալ քաղաքացիների իրական կարիքները. Զարուհի Բաթոյան

15:10, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր համար կարևորում է երեք սկզբունք՝ գնահատել քաղաքացիների իրական կարիքները, մշակել համապատասխան քաղաքականություն և ապահովել ծրագրերի փոխկապակցվածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«2019 թվականը բավականին դժվար, սակայն ավելի շատ նախապատրաստական տարի էր: Աշխատել ենք համակարգային փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, որովհետև բոլոր ոլորտներում նախաձեռնել ենք բարեփոխումներ, ուսումնասիրություններ ենք իրականացրել և տարբեր մոդելներ քննարկել: Կա երեք սկզբունք, որոնք մեզ համար կարևոր են՝ գնահատել քաղաքացիների իրական կարիքներն ու տրամադրել դրանց համապատասխան ծառայություններ, որոնք  հասանելի և մատչելի կլինեն բոլորի համար և չեն բացառի ոչ ոքի: Երկրորդ կարևոր սկզբունքը գերատեսչության համար՝ մշակել այնպիսի քաղաքականություն, որը միտված է հավասար հնարավորությունների ստեղծմանը, մարդկանց կարողությունների, հմտությունների զարգացմանը: Մեզ համար շատ կարևոր է նաև ծրագրերի փոխկապակցվածությունը, որոնք մենք իրականացնում ենք, որովհետև չի կարող լինել, օրինակ, սոցիալական աջակցությանն ուղղված ծրագիր և այն փոխկապակցված չլինի զբաղվածության հետ, կամ աղքատության հաղթահարման քաղաքականություն, եթե այն նկատի չի ունենում հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, կանանց, տարեցներին»,- նշեց Բաթոյանը:

Նրա խոսքով՝ իրենց գերատեսչության համար այդ սկզբունքները կարևոր են առաջիկա տարիների քաղաքականությունը մշակելու համար:


© 2009 ARMENPRESS.am