Տեղի է ունեցել «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի չինաստանյան պրեմիերան

14:39, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայնանի միջազգային կինոփառատոնում  դեկտեմբերի 1-ից 8-ը տեղի ունեցավ կինոռեժիսորներ՝ Նարինե Միրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի չինաստանյան պրեմիերան։

https://www.hiiff.com.cn/international-film/about-him-or-how-he-did-not-fear-the-bear/

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմն ընդգրկված էր փառատոնի պաշտոնական «Ասիական սպեկտր» բաժնում, ուր մասնակցում էին 12 ֆիլմ ողջ աշխարհամասից։

Այս փառատոնն առանձնանում է Հոլիվուդյան խոշոր արտադրողների ֆիլմերի ներկայությամբ, ինչն ի լրումն Եվրոպական եւ Ասիական ֆիլմերի ավելի բազմազան է դարձնում միջազգային ներկապնակը։

Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոգետ Ռոջեր Գարսիան «Ասիական սպեկտր» բաժնի մասին տվել է հետեւյալ  բնորոշումը.

«Հայնան կղզում «մարգարիտների ընտրանին» ձեւավորում է «Ասիական սպեկտր» բաժինը։

Լրացնելով հոլիվուդյան կինոարդյունաբերությանը՝ Ասիական կինոն միշտ էլ եզակի է եղել իր ուրույն կերպարային ոճով և գեղագիտական հատկանիշներով՝ հավասարակշռություն ստեղծելով «աշխարհամասերի» միջեւ։

Կինոփառատոնում ներառվել են ամենամյա ընտրված գոհարները, որոնք կազմում են «մարգարիտների ընտրանին»։

«Ասիական սպեկտր» բաժնում ներկայացված են նշանավոր կինոգործիչների նոր գլուխգործոցներ ողջ աշխարհամասից, որոնք առանձնանում են գեղարվեստական արժանիքներով եւ արդիականությամբ՝ գրավելով հանդիսատեսին իրենց բազմազանությամբ»։

 

Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, որոնք մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոնների, ինչպես՝ Բեռլինի, Ռոտտերդամի, Լոկառնոյի, Բուսանի, Մոնրեալի, Սիդնեյի, Մոսկվայի, Կալկաթայի, Գոթենբուրգի, Էդինբուրգի, Լուիզվիլի եւ այլ, ստանալով մրցանակներ եւ լայն արձագանք մամուլում։

Նրանք միջազգային կինոհանրությանը հայտնի են իրենց նախորդ «Բոբո», «Ռադիո Երեւան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» եւ այլ ֆիլմերով։


© 2009 ARMENPRESS.am