Բանակի մարզական ակումբը կվերականգնվի. ԱԺ-ն միաձայն ընդունեց ներկայացված օրինագիծը

11:42, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Կարծում եմ, որ այս նախագիծը բավական սպասված է: Ներկայացված նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել սպորտում հաջողության արժանացած մեր այն քաղաքացիներին, որոնք չեն ընկնում տարեկետում տալու կարգի շրջանակի մեջ»,- նշել էր Բալայանը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 105 կողմ ձայնով:


© 2009 ARMENPRESS.am