ՄԱԿ-ն ընդունել է Հայաստանի և 54 երկրի հեղինակած Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձևը

00:51, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ այսուհետ հուլիսի 20-ը կնշվի որպես Շախմատի միջազգային օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից:

Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին: Երկրի ամենաժողովրդական խաղերից է: Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն: Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը: Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է: Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադաներում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։


© 2009 ARMENPRESS.am