ԱԺ-ն քննարկում է շրջակա միջավայրի պահպանության համար վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը

14:15, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Վերականգնման վարկերի բանկից 40 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն-BMZ 3010 00 579, վարկ N 29426»  վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

«2019թ. նոյեմբերի 11-ին է ստորագրվել Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն-BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը, որով կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Բյուջետային աջակցության վարկը հիմնականում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում թիրախավորված քաղաքականության իրականացման հիմքով է տրվել երկրին: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից արտոնյալ է 5 տարին»,- ասաց Հայրապետյանը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում ստացել էր դրական եզրակացություն:

 


© 2009 ARMENPRESS.am