Մոսկվան պերսոնա նոն գրատա հայտարարեց Գերմանիայի դեսպանության երկու աշխատակցի

14:07, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պերսոնա նոն գրատա Է հայտարարել երկու գերմանացի դիվանագետների, ինչի մասին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունում նշում են, որ որոշումն ընդունվել Է փոխադարձության սկզբունքի հիման վրա. այսինքն՝ դարձել Է Գերմանիայից ռուսաստանցի երկու դիվանագետների արտաքսման պատասխանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերմանիայի դեսպանության երկու աշխատակիցներին, որոնք անընդունելի անձեր են հայտարարված, կարգադրված Է երկու օրվա ընթացքում լքել Ռուսաստանը:

Բացի դրանից, Գերմանիայի դեսպանին բողոք Է հայտնվել: Գերմանիայի իշխանությունները ռուսաստանցի երկու դիվանագետներին երկրից արտաքսելու մասին հայտարարել են դեկտեմբերի 4-ին: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել Է, որ նրանք պերսոնա նոն գրատա են հայտարարված եւ պետք Է յոթ օրվա ընթացքում լքեն երկրի տարածքը: Այդ որոշման պատճառն, ինչպես պարզաբանում են գերատեսչությունում, ռուսական կողմի անբավարար ակտիվ համագործակցությունն Է Չեչնիայի ծնունդ Զելիմխան Խանգոշվիլիի սպանության հետաքննությանը, որը կատարվել Է օգոստոսի 23-ին Բեռլինի կենտրոնում:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նաեւ նշված Է, թե քննչական մարմինները կասկածներ ունեն, որ սպանությունը կարող Էր կատարվել Ռուսաստանի իշխանությունների կամ Չեչնիայի ղեկավարության կարգադրությամբ: Այդ առնչությամբ հետաքննությունը հանձնվել Է Գերմանիայի Գլխավոր դատախազությանը: Spiegel հանդեսն իր հերթին պնդում Է, որ դեսպանության երկու արտաքսված աշխատակիցները Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են:


© 2009 ARMENPRESS.am