Աթեշյանը, չսպասելով պատրիարքի ընտրության վերջնական արդյունքներին, շնորհավորել է Մաշալյանին

12:58, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դեկտեմբերի 11-ի առավոտյան մեկնարկած պատրիարքի ընտրության ընթացքում, չսպասելով վերջնական արդյունքներին, արդեն շնորհավորել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին՝ հաղթանակի կապակցությամբ:

«Ազգային պատգամաւորական ժողովը այսօր կ՚ընտրէ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի 85-րդ գահակալը։ Շաբաթավերջի քուէարկութեան արդիւնքին հետ ուղիղ համեմատութեամբ գահ կը բարձրանայ Բարձր. Տ. Սահակ Ս. Եպսկ. Մաշալեան, որ վերջին շրջանին կը վարէր տեղապահի պաշտօն եւ այժմ արդէն կը ստանձնէ մեր նուիրապետական ու սուրբ Աթոռին ղեկը։ Այսու կու գանք անկեղծօրէն շնորհաւորել նորընտիր պատրիարքը, որուն կը մաղթենք յաջողութիւններ։

Որպէս Պոլսոյ Աթոռի հոգեւորականաց դասու երիցագոյն անդամը՝ կը մաղթենք, թէ այս նոր շրջանին թրքահայ ազգային-եկեղեցական կեանքէն ներս վերահաստատուի միասնականութիւնն ու եղբայրութիւնը։ Մեր աղօթքն է, որ այս դարաւոր Պատրիարքական Աթոռին առջեւ բացուի ծաղկուն նոր շրջան մը եւ անոր առաքելութիւնը արգասաւորուի նոր ձեռքբերումներով՝ ի պայծառութիւն մեր սուրբ Եկեղեցւոյ եւ ի շահ մերազն ժողովուրդին։
Տէրը անսասան պահէ Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը եւ իր Սուրբ Հոգին անպակաս ընէ մերազն հաւատացեալ ժողովուրդի վրայէն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Պատրիարքարանում ընտրությանը մասնակցում են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։ Դեկտեմբերի 8-ին ընտրված պատվիրակներից 89-ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12-ը՝ Աթեշյանի:

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, Սբ Աստվածածին Մայր տաճարում նորընտիր պատրիարքը կհանդիպի հավատավորներին: 


© 2009 ARMENPRESS.am