Անցկացվել է Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը

16:46, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Կանանց հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Օրվա ընտրությունը պատահական չէ։ Այսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ ի նշանավորումն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որը 1948 թվականի դեկտեմբերի 10-ին սահմանեց բոլոր մարդկանց իրավունքների անքակտելիությունը՝ անկախ սեռից, տարիքից, ռասայից, լեզվից ու ծագումից։

Հավասարությունը մարդու հիմնարար և կարևորագույն իրավունք է։ Այն ամրագրված է մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերում և ենթադրում է արդարացի և անկողմնակալ վերաբերմունք մարդկանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Հիմք ընդունելով այս համընդհանուր սկզբունքը՝ Կանանց հարցերով խորհուրդը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարթակներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և յուրաքանչյուր քաղաքացու համար խտրականությունից զերծ և անվտանգ միջավայրի ապահովմանը:

Թեպետ հավասարության ամրապնդման համար զգալի քայլեր են կատարվել, սակայն ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում կանանց իրավունքների ոտնահարումը, խտրական վերաբերմունքը և բռնությունը շարունակում են մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկը:

Լավատեղյակ լինելով կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման պետական քաղաքականության ոչ լիարժեք կիրարկման և օրենսդրական կարգավորումների թերի ապահովման հիմնախնդիրներից՝ հուսով եմ, որ հենց այս խորհրդի շրջանակներում կարողանալու ենք գտնել առավել նորարար, թիրախավորված և խորքային վերլուծության վրա հիմնված լուծումներ:

Կարծում եմ՝ Խորհրդի առջև դրված նպատակներին բոլորը ծանոթ են։ Ցանկանում եմ առանձնացնել և վերաձևակերպել մի քանիսը, որոնք համարում եմ առաջնահերթ։

Կարծում եմ, որ վերոնշյալ քայլերի իրականացումը կհանգեցնի այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ հենց իմ երկու դուստրերը, մեր կանայք, մայրերը, բոլոր կանայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ոչ քաղաքացիները, որոնք ապրում են մեր երկրում, կկարողանան լիարժեք իրացվել՝ ապահովելով ամբողջ հանրության ներդաշնակ զարգացումն ու բարեկեցությունը»։

 


© 2009 ARMENPRESS.am