Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

18:30, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր:

Քննարկվել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության արդիական հարցերը, Մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը և Մինչև 2020 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում պիլոտային միջպետական նորարարական նախագծերի իրականացման ընթացքը:

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական  նյութերի վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am