Լիոնում բացվել Է «Լույսի տոնը»

11:20, 6 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավ - արեւելքի Լիոն քաղաքում դեկտեմբերի 5-ին 20-րդ անգամ բացվել Է փողոցային լուսազարդման՝ Եվրոպայում խոշորագույն փառատոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ՏԱՍՍ-ին պատմել Է Լիոնի քաղաքագլուխ Ժերար Կոլոնը, այս տարի 35 հարթակներում տեղակայված են 65 լուսային ինստալյացիաներ: Տաճարների, թանգարանների, թատրոնների եւ պետական հիմնարկությունների շենքերի ճակատներին լուսաերաժշտական շոուները նվիրված են կլիմայական փոփոխությունների հարցերին եւ բնական պաշարների օգտագործմանը, միգրացիոն խնդիրներին, քաղաքների արդյունաբերական զարգացմանը:
«Անցյալ տարի չորս օրում մեր տոնին այցելեց շուրջ 1,8 միլիոն մարդ: Այժմ Էլ ավելի մեծ թվով հյուրերի հույս ունենք՝ չնայած դեկտեմբերի 5-ին ամբողջ երկրում սկսված գործադուլին»,- ասել Է քաղաքապետը:
Փառատոնին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես Էլ սկսնակ արվեստագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ճապոնիայից եւ այլ երկրներից:
«Լույսի տոնի» տնօրեն Ժան Ֆրանսուա Զյուրավիկը նշել Է, որ «Լիոնում փառատոնն իր գոյության տարիներին դարձել Է ոչ միայն Ֆրանսիայի գլխավոր իրադարձություններից մեկն, այլեւ ձեռք Է բերել փողոցային լուսազարդման առաջատարի եւ նման միջոցառումների ոգեշնչողի կարգավիճակն ամբողջ աշխարհում»: Այս տարի Լիոնում «Լույսի տոնը» կավարտվի դեկտեմբերի 8-ին:

© 2009 ARMENPRESS.am