ՀՀ-ն տեսանելի ժամանակահատվածի համեմատ ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն. Փաշինյան

10:52, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանական բյուջեն 2018թ. ի վեր ավելացել է 66 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներին: 

«Սա այն թեման է, որի մասին հասկանալիորեն չենք կարող շատ բան խոսել, բայց ուզում եմ ասել, որ 2018թ. ի վեր՝ ներառյալ 2020թ. բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28% է կազմում: Բայց ուզում եմ մեկ նախադասություն ասել դժվարությամբ՝ կարող եք հավաստիանալ, որ 2018թ. մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, և ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ:  Ուզում եմ ասել, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են»,- ասաց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am