Մոսկվայի տանը կազմակերպվեց Բելառուսի մշակույթի օրվան նվիրված համերգ

21:50, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Բելառուսի դեսպանությունը բելառուսական համայնքի հետ համատեղ  Երևանի Մոսկվայի տանը դեկտեմբերի 5-ին կազմակերպեց համերգ՝ նվիրված Բելառուսի մշակույթի օրվան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էր  Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Իգոր Նազարուկը, բելառուսական համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ և հյուրեր:

Իգոր Նազարուկը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր գնահատում են բելառուսական մշակույթը և ազգային ավանդույթները: Դեսպանը կարևորեց գյուղական համայքների կենսամակարդակի և հեղինակության բարձրացումը, քանի որ Բելառուսի ազգային մշակույթը և ավանդույթը հիմնականում պահպանվել են գյուղերում:

«Բելառուսում 2018 թվականից մեկնարկել է  «Փոքր հայրենիքի տարի» նախաձեռնությունը, որը առաջ է մղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Գաղափարը նրանում է, որ հաջողության հասած մարդկանց միջոցով բարձրացնենք մեր համայնքների բնակիչների կենսամակարդակը և հեղինակությունը, որպեսզի քաղաքացիները կարողանան ապրել հարմարավետ և արժանի կյանքով ոչ միայն մեծ քաղաքներում, այլ նաև գյուղերում»,- ընդգծեց Նազարուկը:

Համերգի ընթացքում ներկայացվեցին բելառուսական ազգային երգերը և պարերը:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվում էին  «Արմենպրես» և «Բելտա» լրատվական գործակալությունների կողմից տրամադրված լուսանկարները, որոնցում ներկայացված էին  բելառուսական ժողովրդական ծիսակատարությունները, ինչպես նաև Բելառուսի տեսարժան վայրերը և գեղեցիկ շինությունները:

 


© 2009 ARMENPRESS.am