Չեմ հասկանում՝ ինչու Հայաստանում շինարարություն անել՝ նշանակում է աղբ տարածել ամենուր. Վարչապետ

11:45, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շինարարության ընթացքում աղբի տարածման խնդրին: «Չեմ հասկանում՝ ինչու Հայաստանում շինարարություն անել՝ նշանակում է աղբ տարածել ամենուր: Չեմ կարող դա հասկանալ, ընդ որում, պարոն Վերմիշյան, դեռ ամիսներ առաջ հանձնարարություն եմ տվել այս հարցով: Ես չեմ հասկանում, թե համապատասխան տեսչությունն ինչու՞ չի տուգանում այն շինարարներին, որոնք շինարարություն ասելով՝ հասկանում են աղբ կուտակել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ չի հասկանում՝ եթե հիմա կառավարության շենքում տեղի է ունենում վերանորոգման աշխատանք, ինչո՞ւ պետք է բոլորն աղբի միջով քայլեն, գնան ու գան:

«Չեմ հասկանում, թե ինչո՞ւ շինարարությունում աշխատել նշանակում է աշխատել տնից վերցված հին շորերով: Այդ մարդիկ համազգեստ պետք է ունենան, դա նույնն է, թե մենք, երբ գալիս ենք կառավարության նիստին, տանն ի՞նչ մաշված շոր ունենք, հագնենք, գանք ցնցոտիներով նստենք կառավարության նիստի: Շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում, հիմա այդ միլիոններից դժվա՞ր է մի փոքր հատկացնել ու ամենաէժան համազգեստը գնել բանվորների համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am