Հայաստանն ու Բելառուսը մշակութային նոր կամուրջներ կկառուցեն. հուշագիր պատմության թանգարանների միջև

19:08, 4 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը և Բելառուսի պատմության ազգային թանգարանի տնօրեն Պավել Սապոտկոն դեկտեմբերի 3-ին ստորագրել են հուշագիր, որը կողմերին հնարավորություն կտա համագործակցել մշակույթի, գիտության բնագավառներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պատմության թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, հուշագրի շրջանակում կողմերը կարող են համատեղ ցուցահանդեսներ կազմակերպել, որոնց իրականացման կարգը որոշվելու է  առանձին համաձայնագրերով, համատեղ համաժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ անցկացնել:

Հուշագրի համաձայն` թանգարանները  կփոխանակվեն գիտակրթական նյութերով և հրատարակություններով, կիրականացնեն թանգարանային գործի վերաբերյալ դասընթացներ, լաբորատոր հետազոտություններ:

Հուշագիրը ստորագրվել է երեք տարով:

Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է, որը հիմնադրվել է 1919 թվականին: Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:

Քսաներորդ դարասկզբին հիմնադրված Բելառուսի պատմության ազգային թանգարանը Բելառուսի նյութական հուշարձանների և հոգևոր մշակույթի ամենամեծ հավաքածուն ընդգրկող թանգարանն է: Թանգարանի ֆոնդերում պահվում են արժեքավոր փաստաթղթեր, հնատիպ գրքեր, երաժշտական գործիքների հավաքածուներ, զենքեր և այլ կարևոր ցուցանմուշներ:

 


© 2009 ARMENPRESS.am