ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատական կարգադրիչներին հավելավճար տալու մասին օրինագիծը

10:57, 4 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի և Նազելի Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի խորհրդարանի նիստում նախագիծը ներկայացրել էր պատգամավոր Արթուր Դավթյանը:

«Այս նախագծով արդարությունը վերականգնելու փորձ է արվում: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանակում հավելավճար տրվում է բոլորին, բայց դատական կարգադրիչներն այդ ցանկում չկան: Փոփոխությունը վերաբերում է նրան, որ այդ հոդվածում ներառվեն նաև դատական կարգադրիչները: Խրախուսում ընդհանրապես նրանց մոտ չի լինում»,- նշել էր Դավթյանը:

Դեկտեմբերի 4-ի խորհրդարանի նիստում այն ընդունվեց 110 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկել է նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:

Նոյեմբերի 28-ին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն էր ստացել ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:


© 2009 ARMENPRESS.am