ԱԺ-ն քննարկում է սանիտարահամաճարակային հսկողությանն առնչվող օրենքի նախագիծը

15:30, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը դեկտեմբերի 3-ի Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Սույն նախագծով նախատեսվում է ընդամենը մեկ հոդվածի փոփոխություն, այն է՝ սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին: Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի, մենք ունենք որոշակի պարտավորություններ մի խումբ ապրանքների, այդ թվում նաև ախտահանիչ նյութերի պետական գրանցման և հսկողության պահանջներ, որոնք չենք կարողանում իրականացնել օրենսդրական բացի պատճառով: Սույն նախագիծն ուղղված է այդ օրենսդրական բացը լրացնելուն և սահմանելուն այն մարմինը, որը հսկողություն պետք է իրականացնի այդ խմբի ապրանքների նկատմամբ»,- ասաց Ավանեսյանը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019թ. հոկտեմբերի 24-ին:


© 2009 ARMENPRESS.am