Վարչապետը ներկա է գտնվել ադամանդագործական նոր գործարանի բացման արարողությանը

17:44, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

[gallery id= 63248]

Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև 100 մլն դոլարի:

Վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում՝ ծանոթացել ադամանդի վերամշակման գործընթացին և առաջիկա ծրագրերին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացումը մեր երկրում և նշել, որ կառավարությունն իր գործիքակազմերի շրջանակում պատրաստ է ցուցաբերել համապատասխան օժանդակություն:   

Ընկերությունն աշխատում է սեփական հումքով՝ կիրառելով Հնդկաստանի փորձը, որը թույլ է տալիս ադամանդի նիստավորման գործընթացն իրականացնել ցանկացած հեռավորության վրա գտնվող տարբեր վայրերում:

Ընկերության ղեկավարի խոսքով՝ այս փորձի կիրառումը Հայաստանում հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծել հեռավոր մարզերում՝ այնտեղ, որտեղ կա զբաղվածության խնդիր, լուծելով սոցիալական կարևորագույն հարց: Ընկերությունում գործում է  նաև հաշմանդամների արտադրամաս, որը ընդլայնվելու է:

«Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունը հիմնադրվել է 2017թ․ մարտին:  


© 2009 ARMENPRESS.am