«Հակահայկական քարոզչության ամենագռեհիկ մի տեսակ». Աշոտ Հովակիմյանի հոդվածը սերբական օրաթերթում
15:24, 30 Նոյեմբեր, 2019ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը հոդված է հրապարակել սերբական «Դանաս» օրաթերթում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածը կրում է «Հակահայկական քարոզչության ամենագռեհիկ մի տեսակ» խորագիրը:
Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը.
«2019թ․ նոյեմբերի 8-ին «Դանաս» օրաթերթում հրատարակված «Հակաթուրքական և հակաադրբեջանական քայլ» խորագրով հոդվածի կապակցությամբ, որի հեղինակը ներկայացել է որպես «իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Էլդար Հասանով».
«Դոկտոր պրոֆեսորը» հստակորեն գերազանցեց «դեսպանին»:
Եվ այդ գործում, հատկապես 19-րդ դարում, հայերին էին աջակցում սերբերը, չեռնոգորցիները, հույները, բուլղարացիները, ասորիները, իսկ ավելի ուշ՝ կիպրոսցի հույները, քրդերը, եզդիները և այլն: Հասկանալի է, որ մի հրեշտակային էակ, որն «Աստծո օգնությամբ պայքարում է ճշմարտության համար» և որը անցյալ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին՝ մինչև պրոֆեսոր/դեսպան դառնալը, բարձրագույն դիրքեր էր զբաղեցնում Ադրբեջանի ոստիկանությունում և գլխավոր դատախազությունում, և որն անձամբ էր պատասխանատու այն ամենի համար, ինչ իրականացվում էր հայերի նկատմամբ Ադրբեջանում և Արցախում, իր հիշողությունից ջնջել է Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում հայերի կոտորածները:
Ավելին, նա վստահորեն ողջունում է «փառավոր» ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, որը ռազմադաշտ էր գտել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի հանրակացարանում, որտեղ ոչ պակաս «փառավոր» «Իսլամական պետության» ոճով կացնահարեց քնած հայ սպային, հետո ցմահ դատապարտվեց, սակայն պրոֆեսոր/դեսպանի գործընկերների մութ գործարքների շնորհիվ, այդ «խեղճ» տղան ոչ միայն հայտնվեց Ադրբեջանում ազատության մեջ, այլևս վայելում է ազգային հերոսի կարգավիճակ: Հանուն ճշմարտության համար պայքարող մեր մարտիկին վստահորեն հաճո էր 2016թ. ապրիլը, երբ Թալիշ գյուղում ադրբեջանական հատուկ ջոկատայինները ոճրագործություն էին իրականացնում անզեն հայ տարեց մարդկանց նկատմամբ:
Երկու եղբայրական ժողովուրդների անունից պրոֆեսոր/դեսպանը ծանր մատով է թափ տալիս. «դուք, հայերդ, մեզանից, թուրքերից, պահաջում եք ցեղասպանության ճանաչո՞ւմ: Ոչ միայն չենք ճանաչի այն իրական ցեղասպանությունը, որն իրականացրել ենք, այլևս մենք էլ ձեզ կհրամցնենք 2 միլիոն թուրքերի և 2,5 միլիոն ադրբեջանցիների ցեղասպանություններ»: Որքան մեղք են Դանաս թերթի ընթերցողները:
Ատելության քարոզչության և հայտնի պատմական փաստերի ժխտման փոխարեն, ադրբեջանական և թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների այն պնդումների փոխարեն, թե Հայաստանը խանգարում է թյուրքական ժողովուրդների միասնությանը և թե Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ նրա մայրաքաղաք Երևանը պետք է գոյություն չունենան, քանի որ հանդիսանում են «պատմական Ադրբեջանի մաս», ավելի լավ կլիներ, որպեսզի պաշտոնական Բաքուն և նրա հետ միասին նաև պաշտոնական Անկարան, և բոլոր պրոֆեսորներ/դեսպանները և դեսպաններ/պրոֆեսորները ընդունեն Հայաստանի վարչապետի առաջարկը՝ գտնելու խաղաղ փոխզիջումային հանգուցալուծում, որը լավագույնս կհասցեագրեր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների շահերը:
Աշոտ Հովակիմյան
Հայաստանի Հանրապետության դեսպան Չեխիայի Հանրապետությունում, Սերբիայի Հանրապետությունում, Սլովենիայի Հանրապետությունում, Չեռնոգորիայում (նստավայրը՝ Պրահա)
Սլավոնագիտության դոկտոր (որպեսզի հարցեր չառաջանան)»:
© 2009 ARMENPRESS.am