Ազգային ժողովի նախագահը ստացել է Էդգար Շաթիրյանի հրաժարականի դիմումը

16:49, 28 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել  ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի (վարչապետից և վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ-հեղ.) համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Նոյեմբերի 26-ին տեղի էր ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ էր ընտրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը: Շաթիրյանը իր հրաժարականի մասին նոյեմբերի 26-ին հայտնել էր իր «Ֆեյսբուք»-ի էջում: Նա մասնավորապես նշել էր, որ իր անձի (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չի համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։

 

 


© 2009 ARMENPRESS.am