Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկմանը

15:31, 28 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային երկօրյա քննարկումը՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Քննարկմանը մասնակցել են դատավորներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ գլխավոր դատախազության, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ:

Օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արա  Գաբուզյանը մասնակիցներին ներկայացրել է օրակարգային հարցերը, այնուհետև քննարկել պատժի համակարգին, անվտանգության միջոցներին, հանցագործության փուլերին ու հանցակցությանը վերաբերող դրույթները:

Աշխատանքային քննարկման երկրորդ օրը անդրադարձ կկատարվի հափշտակության հասկացությանը, պատժից ազատելու որոշ տեսակներին առնչվող հարցերին:

«Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի նպատակն է նպաստել եվրոպական չափանիշների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am