Երևանի Նորքի անտառներում ներդրվելու է կաթիլային ոռոգման համակարգ

13:28, 28 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին Երևանի անտառպետության 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային աշխատանք կատարելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ի նիստում նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Նախագծով առաջարկում ենք 6 միլիոն դրամ փոխանցել Նորքի անտառներում կաթիլային  ոռոգման համակարգ ներդնելու նախագծանախահաշվային աշխատանքներ կատարելու համար։ Ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը  բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։ Արդյունքում ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում»,- ասաց Գրիգորյանը։

Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ:


© 2009 ARMENPRESS.am