ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը

19:10, 25 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է կառույցի շրջանակներում բազմակողմ համագործակցություն ծավալելու Հայաստանի հանձնառությունը՝ նշելով, որ այս այցը լավ հնարավորություն է՝ ուղենշելու հետագա ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակները:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին և դրա շրջանակում ԵԱՀԿ ԽՎ-ի հետ համագործակցության հնարավորություններին:  

Զոհրաբ Մնացականյանը և Գեորգի Ծերեթելին քննարկել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական հարթակի դերը  համաեվրոպական անվտանգության խնդիրների հասցեագրման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ թեմաների շուրջ: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի վերջին զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափի շրջանակներում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը:


© 2009 ARMENPRESS.am