Համացանցում տարածված տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են

16:00, 23 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «NewsMedia.am» կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ:

 Համացանցում նոյեմբերի 21-ին տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:

Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

 ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում տարածված տեսանյութի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել էր համացանցում բուռն քննարկման առիթ դարձած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: ՄԻՊ-ը նշել էր, թե իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին:


© 2009 ARMENPRESS.am