Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ

11:40, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կապիտալ վերանորոգվել են Արտակարգ իրավիճակների նախարարության 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ: Աշխատանքների իրականացման որոշումը կայացվել էր դեռևս օգոստոսի 22-ին, երբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել էր 1 միլիարդ 173 միլիոն դրամ գումար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, այդ գումարով անցկացվել է նաև ջեռուցման համակարգ, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը:
Փոխվել են դռները, պատուհանները, 28 հրշեջ-փրկարարական ջոկատների տանիքներն ամբողջությամբ վերանորոգվել են:
Մարտունի և Գավառ քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներին կից կառուցվում է նոր ավտոկայանատեղի:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև դեկտեմբերի 15-ը:
Կատարված աշխատանքների արդյունքում 1 միլիարդ 173 միլիոն դրամից տնտեսվել է մոտ 300 միլիոն դրամ գումար:


© 2009 ARMENPRESS.am