Գանձաքար գյուղին մոտակա անտառային հատվածում մոտ 2 հա տարածք է այրվել

21:47, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 20-ին, ժամը 10:56-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի հեռուստաաշտարակի հետնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գանձաքար գյուղի «Չամանդ» կոչվող հանդամասում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:03-ին: Անտառային հատվածում այրվել են մոտ 1 հա չորացած տերևներ, փայտի թափուկներ, մացառուտ և մոտ 1 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 13 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 աշխատակից:


© 2009 ARMENPRESS.am