Ավինյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է տեղական տնտեսության զարգացման վարկային ծրագրի հարցեր

19:13, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին ու «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի (Ծրագիր) թիմին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ծրագրի հետ կապված ընթացիկ հարցերը և առաջիկա անելիքները: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել վերջին ամիսներին իրականացման մասով գրանցված նկատելի առաջընթացի կապակցությամբ:

Փոխվարչապետը նշել է, որ սահմանված նպատակները և գործողությունները համահունչ են կառավարության տնտեսական զարգացման առաջնահերթությունների հետ, մասնավորապես՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման և տարածքային զարգացման հնարավորությունների ընդլայնման առումով: Տիգրան Ավինյանը կարևորել է Ծրագրի արդյունավետ իրականացումը և ընդգծել է կառավարության հանձնառությունը դրա համար անհրաժեշտ կարողությունների զարգացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են նաև Ծրագրի վերակառուցման հետ կապված հարցեր:  


© 2009 ARMENPRESS.am