Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը

16:29, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը հերթական անգամ արձանագրել են շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարևորությունը:


© 2009 ARMENPRESS.am