ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև մարդու իրավունքների հարցերին նվիրված խորհրդակցություններ են կայացել

12:27, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 19-ին տեղի ունեցան մարդու իրավունքների հարցերին նվիրված հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն Ռինատ Ալլաուտդինովը (Ринат Аляутдинов):

Քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Մարդու իրավունքների խորհրդում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, միջազգային այլ կազմակերպություններում և հարթակներում մարդու իրավունքների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվեց նման խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը:

Խորհրդակցություններին մասնակցում էին նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մասնագիտացված ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները: 

Խորհրդակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Կողմերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրեցին ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա համատեղ ծրագրերը:


© 2009 ARMENPRESS.am