Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

16:29, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Գևորգ Սիմոնյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանը մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նախարար Բադասյանը շնորհավորել է Գևորգ Սիմոնյանին և Ծառայության պետի նորանշանակ տեղակալ Կարեն Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ տեղյակ է Ծառայության խնդիրներից ու ղեկավար նոր կազմից պահանջը՝ բովանդակային փոփոխություններն են: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծով նախանշված զարգացման ուղղությունները, ինչպես նաև առաջիկայում Կառավարությանը ներկայացվող Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որտեղ այլընտրանքային խափանման միջոցների համակարգում նոր մեխանիզմներ են ներդրվում և Պրոբացիայի ծառայության մասով գործառույթներ են ավելանում, ինչը ենթադրում է Ծառայությունում նոր ու բանիմաց կադրերի ներգրավում:

Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ շատ անելիքներ կան ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացման ուղղությամբ: «Վստահ եմ, որ նվիրված աշխատանքի արդյունքում կլուծենք մեր առջև դրված խնդիրները»,- ասել է Գևորգ Սիմոնյանը:


© 2009 ARMENPRESS.am