«Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն կարևորում է կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականությունը

14:42, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը, որը կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորում է դրա նկատմամբ զրո հանդուրժողականությունը:

«Ինձ համար շատ կարևոր է և խիստ նշանակալից, որպեսզի հանրության մեջ ձևավորվի կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն,- ասաց Հարությունյանը։-Որովհետև ինքս ունեմ ձևավորված այն համոզմունքը, որ կոռուպցիայի տարածման գործում հիմնական պատճառը հանդիսացել է կոռուպցիայի նկատմամբ տարբեր մակարդակներում եղած հանդուրժողականությունը»:


© 2009 ARMENPRESS.am