Համագործակցության արդյունքում վերանորոգվել է Արթիկի թիվ 2 մանկապարտեզը

18:21, 15 Նոյեմբեր, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արթիկի թիվ 2 մանկապարտեզի կրթական և խնամքի պայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում վերանորոգել է մանկապարտեզի երեք  մասնաշենքերի տանիքը, նորոգվել են սանհանգույցները։ Վերանորոգումից հետո ծրագրի պաշտոնական ավարտն ազդարարվեց նոյեմբերի 15-ին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագիրն իրականացվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի ֆինանսական միջոցներով։ Ծրագրին, 30 տոկոս ներդրումով, մասնակցել է Արթիկի քաղաքապետարանը, եղել է նաև անհատ բարերարի աջակցություն: Համագործակցության այս  փաստն իր խոսքում կարևորեց  «Հայկական Կարիտաս»-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը:

«Ծրագիրը կարևորում ենք այն առումով, որ նյութական ներդրումից բացի, եղավ նաև կարևոր համագործակցություն համայնքապետարանի, հասարակական կազմակերպության ու մասնավորի միջև։ Սա այն դեպքն է, որ ոչ միայն պետությունից պետք է պահանջենք, այլ նաև օգնենք,  հատկապես, երբ խոսքը գնում է մանկապարտեզների պայմանների բարելավմանը: Մանկապարտեզները պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում»,-նշեց Անահիտ Գևորգյանը:

Համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանն էլ շնորհակալություն հայտնեց ծրագրի ղեկավարներին նախաձեռնության համար և պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության: Կատարված աշխատանքի համար «Հայկական Կարիտաս»-ին հանձնվեց շնորհակալագիր:

1982  թվականին կառուցված շինությունը նախկինում վերանորոգված չի եղել։ Այս պահին մանկապարտեզն ունի 120 սան։

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am