ՀՀ կառավարությունը երկու լաստանավ ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ

17:25, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը երկու լաստանավ ձեռք բերելու ուղղությամբ բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի՝ արտահանման համար Վերին Լարսին այլընտրանք գտնելու մասին հարցին:  

«Մենք նախնական հետքրքրվածություն ենք հայտնել առ այն, որ ուզում ենք ունենալ երկու լաստանավ: Հիմա նման հնարավորություն ընձեռնված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան, և պետք է հասկանանք հնարավորինս մատչելի տարբերակով դրանք մեզ տրամադրելու հարցը»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են:

 


© 2009 ARMENPRESS.am