Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են

13:27, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին 10 մլն ծառ տնկելու ծրագրի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Նա տեղեկացրեց, որ դեռ մի քանի ամիս առաջ «Հայանտառ»-ի կողմից անտառային հողերում առանձնացվել էր 6 հազար հա տարածք: Այդ տարածքները հիմա մանրամասն ուսումնասիրվում են:

«10 մլն ծառը տնկենք բացառապես անտառային հողերում, ապա  անհրաժեշտ կլինի մոտ 3 հազար 300 հա տարածք, սակայն ես կարծում եմ, որ կլինեն տնկումներ նաև բնակավայրերում»,-ասաց Վարդան Մելիքյանը: Նախարարությունն առաջիկայում կդիմի բոլոր համայնքներին, որպեսզի ներկայացնեն, թե որքան ծառեր են անհրաժեշտ կանաչապատման հարցը լուծելու համար: Դրանից բացի, համայնքները պետք է ներկայացնեն իրենց խնդիրները կապված ոռոգման հետ: Ինչ վերաբերում է անտառներում տնկիների խնամքին, ապա նախարարի տեղակալը նշեց, որ անտառների պարագայում տնկիները չեն ջրվում: Տնկիների ամար ընտրվում են տարածքներ, որոնք ունեն համապատասխան բնութագրեր՝ հողի որակ, տեղումներ և այլն: 

Վարդան Մելիքյանի խոսքով, չնայած Հայաստանի վերջին մեկ, երկու տասնամյակի համար 10 մլն ծառ տնկելն աննախադեպ է, սակայն պետությունը պլանավորում է առաջիկա 5-6 տարվա ընթացքում այդ թիվն ավելացնել: Հայաստանը պարտավորություն է ստանձնել մինչև 2050 թվականը անտառածածկը կրկնապատկել, ինչը ենթադրում է 265 հազար հա լրացուցիչ անտառի տնկում: Խոսքը գնում է 800-900 մլն տնկիների մասին: Դա նշանակում է տարեկան պետք է սկսել տնկել 30 մլն ծառ:

«10 մլն ծառ տնկելը կլինի նախավարժանք այդ մեծ ծրագրի համար: Մարդիկ վախենում են այդ թվից, բայց ասեմ, որ ռեսուրսները ճիշտ հաշվարկելու, նոր ուժեր ներգրավելու դեպքում դա հնարավոր է: Նման ծավալի ծրագիրը նաև աշխատատեղերի թիվը կավելացնի: Ենթադրում եմ, որ մեծ ծավալի աշխատանքները կմեկնարկեն 2025-2026 թվականներից: Նախատեսվում է մոտ 5 հազար աշխատողի ներգրավում, որոնք զբաղված են լինելու ամբողջ տարվա ընթացքում, չէ որ տնկումից բացի ծառերը ենթադրում են նաև խնամք»,- ասաց Վարդան Մելիքյանը: Նա նկատեց, որ այդ ընթացքում հնարավորություններ կլինեն զարգացնել տնկիների արտադրության ուղղությունը: Այսօր չունենք բավարար քանակությամբ տնկանյութ, նախատեսվում է հիմնել ժամանակակից տնկարաններ, որոնք կարտադրեն փակ արմատային համակարգով տնկիներ:  

 


© 2009 ARMENPRESS.am