Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին

17:56, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ Խուդոյանի՝ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինն, ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։

Նրա խոսքով՝ դատախազը, սակայն անտեսել է դրանք և որևէ արձագանք դատավարական գործողությունների տեսքով չի ձեռնարկել։

Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանները։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան նույնպես տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար և հենց նույն օրն էլ վերադարձել էր Երևան-Կենտրոն ՔԿ:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 


© 2009 ARMENPRESS.am