Քոչարյանի պաշտպանը դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

14:02, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նոյեմբերի 12-ին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:

Պաշտպանը նշեց, որ դատավոր Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի տվյալ գործի և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև փաստաբանական թիմի մյուս անդամները:

Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է հունիսի 25-ից: Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի` 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


© 2009 ARMENPRESS.am