ԱԺ-ն քննարկում է հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակն ընդլայնելու նախագիծը

13:23, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որով հնարավորություն է տրվում ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ի Ազգային ժողովի նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:

 «Այսօրվա կարգավորումներով՝ պաշտոնատար անձանց թիվը, որոնք որ ներկայացնում են հայտարարագիր, սահմանափակված է համայնքի բնակչության թվով, և այն համայնքապետերը, որոնք համայնքների բնակչության թիվը չի գերազանցում 15.000-ը, հայտարարագիր չեն ներկայացնում: Այս նախաձեռնությունը նպատակ ունի հայտարարագիր ներկայացնելու պաշտոնատար անձանց թվաքանակն ընդլայնել՝ ներառելով նաև բոլոր նրանց, որոնք հանդիսանում են համայնքապետեր 15 հազար և ավելի ցածր բնակչություն ունեցող համայնքների համար»,- ասաց Թանդիլյանը:

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ու կառավարությունը դրական եզրակացություն են ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am