Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին

17:54, 11 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է էլ ավելի խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ համագործակցությունը ԵՄ և նրա անդամ-երկրների հետ: Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրում իրականացվող բարեփոխումներին Միության ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, թվայնացման և էլեկտրոնային կառավարման գործընթացներին վերաբերող վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել ներառական աճի մոդելին, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, «Աշխատիր, Հայաստան» ծրագրին: 


© 2009 ARMENPRESS.am