Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ

16:15, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են մինչև 2024 թվականը կոնցեսիոն պայմանագրով նախատեսվող ներդրումների ծավալների ավելացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը, ինչպես նաև շարժակազմերի նորացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության բարելավման հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի շրջանակներում կդիտարկվեն կոնցեսիոն պայմանագրի արդիականացման հնարավորությունները:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության լոկոմոտիվային դեպոյում և փոխադրումների կառավարման կենտրոնում, ծանոթացել դրանց տեխնոլոգիական հագեցվածությանը և գործունեությանը:


© 2009 ARMENPRESS.am