Փաշինյանը շնորհավորեց ԱԳՆ երիտասարդ դիվանագետներին` նշելով դիվանագիտության ամենամեծ առաքելությունը

15:16, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարության երիտասարդ դիվանագետներին ներկայացրեց դիվանագիտության ամենամեծ առաքելությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին խոսեց նոյեմբերի 8-ին տեղի ունեցած Արտաքին գործերի նախարարության երիտասարդ դիվանագետների երդման արարողության և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառման ընթացքում:

«Հիմա այնպես է ստացվել, որ, եթե դիվանագիտություն ասելով հասկանանք զուտ արտաքին կապերը, դրանով հիմա պետական բոլոր կառույցներն են զբաղվում, ընդհուպ քաղաքապետարաններն ու գյուղապետարանները, որովհետև հիմա աշխարհում շփումների շրջանակը շատ լայնացել է: Նոր պայմաններում ո՞րն է դիվանագիտական ծառայության, իմ կարծիքով, ամենամեծ առաքելությունը. Իմ համոզումն այն է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր երկրին, պետությանն ու ժողովրդին, որպեսզի աշխարհն ավելի լավ հասկանա մեզ, և մենք ավելի լավ հասկանանք աշխարհը, որովհետև սրանով է պայմանավորված մեծապես, թե մենք ինչքանով համահունչ կլինենք այն գործընթացներին, ինչքանով համահունչ կլինենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն դեպքում, երբ այդ գործընթացները համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին, և ինչքանով կկարողանանք ճանաչել այդ գործընթացները և կառավարել մեր շահերն այն դեպքում, երբ այդ գլոբալ գործընթացները մեր շահերին հակադրվում են»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է կարողանան ժամանակակից աշխարհում ունենալ իրենց դերը, ինքնությունը, պաշտպանել, պահպանել և զարգացնել այդ ինքնությունը:


© 2009 ARMENPRESS.am