Ծնելիության խրախուսումը՝ բնակարանային աջակցության ծրագրով. ովքե՞ր են լինելու շահառուները

13:53, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Ժողովրդագրական պատկերի բարելավման նպատակով 3 բնակարանաշինական ծրագիր կիրականացվի։ Ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրերի վերաբերյալ «ՀՀ»-ին պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը։
Ենթադրվում է, որ եթե ընտանիքում կա երկու երեխա, ապա պետությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի այդ ընտանիքին՝ նրա կողմից ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց միայն այն դեպքում, եթե բնակարանը Հայաստանի մարզերից մեկում է, այլ ոչ թե մայրաքաղաքում։ Պետությունը պատրաստ է մինչեւ 2 մլն դրամի սահմաններում միանվագ դրամական աջակցություն տրամադրել հիփոթեքային մայր գումարների մարման համար։
Այս՝ առաջին ծրագիրը նախատեսված է մարզային բնակավայրերում ապրող երիտասարդ ընտանիքների համար։ Հիփոթեքային վարկավորման միջոցով մարզում բնակվող երիտասարդ ընտանիքները, որոնք ունեն 2 երեխա, կարող են ստանալ աջակցություն բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց 1 մլն դրամից ոչ ավելի։ 3 երեխայի պարագայում աջակցության չափը կկազմի բնակարանի արժեքի 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1, 5 մլն դրամը։ 4 եւ ավելի երեխաների դեպքում գումարը կկազմի մինչեւ 15 տոկոս, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը՝ կազմելով կանխավճարի 10 տոկոսը։ Ենթադրվում է, որ դրամական միանվագ աջակցության տրամադրման միջոցով երիտասարդ ընտանիքները կկարողանան նախնական կանխավճարի հարցը լուծել։
Երկրորդ ծրագիրը կիրականացվի կանխավճարի ապահովագրության ձեռք բերման միջոցով։ Այն ընտանիքները, որոնք կունենան կանխավճարը 10 տոկոսի չափով, ապա այդ 20 տոկոսը (երբ բանկերը սովորաբար կամ հավելյալ գույք են գրավադրում, կամ պահանջում են կանխավճարի ապահովագրություն), կվճարի պետությունը։
«Այս պարագայում կանխավճարի ապահովագրությունը պետությունն իր վրա է վերցնում։ Ապահովագրավճարը կվճարվի այնքան ժամանակ, մինչեւ վարկառուն 20 տոկոս կանխավճարի մնացորդային տոկոսները կարողանա մարել։ Ընդ որում, բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 30 մլն դրամը»,–նշեց Ա. Մարկոսյանը։
Երրորդ ծրագիրը պայմանավորված է երեխայի ծնունդով։ Եթե երիտասարդ ընտանիքն ունի հիփոթեքային վարկ կամ երբ ընտանիքում կծնվի առաջին կամ երկրորդ երեխան, ապա միանվագ աջակցությունը մարզերում կկազմի 10 տոկոս, Երեւանում՝ 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Երրորդ եւ ավելի երեխաների դեպքում միանվագ աջակցությունը հիփոթեքային մնացորդային մայր գումարից կկազմի մինչեւ 50 տոկոս, իսկ մայրաքաղաքում՝ 25 տոկոսի չափով, բայց 2 մլն դրամից ոչ ավելի։
Արտակ Մարկոսյանի տեղեկացմամբ՝ գործելու է լրացուցիչ բաղադրիչ։ Երրորդ ծրագրի դեպքում, եթե զույգերի տարիքը չգերազանցի 50-ը, եւ, ընդ որում, երիտասարդ ընտանիքն ունենա 2 երեխա, ապա հնարավոր է, որ միանվագ աջակցության չափը հասնի 4 մլն դրամի։
«Ընտանիքը պետք է դիմի բանկ վարկավորման համար։ Եթե տվյալները բանկը կարողացավ բավարարել, արդեն գործընթացը կանցնի տարբեր ընթացակարգեր։ Մինչեւ այս ամսվա վերջ բոլոր ընթացակարգերը կհստակեցվեն ե՛ւ տարիքային սահմանափակումների, ե՛ւ այլ դրույթների վերաբերյալ»,-ասաց Ա. Մարկոսյանը։
Բնակարանային աջակցության երեք ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 526 մլն դրամ՝ կես տարվա համար։ Նախատեսված գումարով հնարավոր կլինի՞, արդյոք, ծածկել առկա պահանջարկը հարցին Ա. Մարկոսյանը դժվարացավ պատասխանել։ Նրա հիմնավորմամբ, ծրագիրն ինչ-որ առումով պիլոտային է եւ հնարավորություն կտա 6 ամսվա կտրվածքով գնահատել առաջարկն ու պահանջարկը։
«Եթե հասկանանք ու հիմնավորենք, որ պահանջարկը մեծ է, բնականաբար, 2021-ի համար հատկացվող գումարը բյուջեի մասով ավելին կլինի։ Այս ծրագիրն իրական օգնություն է բնակարան ձեռք բերողների համար, եւ մեր նպատակն է, որ շահառուները ռիսկի տակ չընկնեն»,-ասաց նախարարության ժողովրդագրության բաժնի պետը։
Նկատենք, որ հիփոթեքային վարկավորման գործընթացը եւ վարկի հաստատումը հեշտ չեն։ Վարկը հաստատելու համար պետք է հաշվի առնվեն ընտանիքի անդամների ամսական եկամտաբերությունը, վճարունակությունը, վարկային պատմությունը եւ այլն։ Այս պարագայում բնակարանային խնդիր ունեցող ընտանեկան զույգը պետք է դեռեւս կարողանա իրական եկամուտներ ցույց տալ, այլապես բանկը կարող է հրաժարվել վարկավորել այն ընտանիքին, ում եկամտաբերությունը իրատեսական չէ ու ռիսկային է։ Ըստ Արտակ Մարկոսյանի, այդ հանգամանքն էլ խթանիչ գործոն կդառնա, որ երիտասարդ զույգերը հատկապես գյուղական համայնքներում զբաղվածություն ապահովեն. «Իրենք շահագրգիռ կլինեն, որպեսզի աշխատանք գտնեն ու կարողանան հիփոթեքով տուն ձեռք բերել»։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն»


© 2009 ARMENPRESS.am