Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

12:09, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նոյեմբերի 7-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջնորդության վերաբերյալ իրենց առարկություններն էին ներկայացրել մեղադրող կողմը և տուժողների ներկայացուցիչները:

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին:  

Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է հունիսի 25-ից: Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի` 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


© 2009 ARMENPRESS.am