ԿԲ-ն կանխատեսում է մոտ 1.5 տոկոս գնաճ

13:26, 5 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը իր երրորդ եռամսյակի ծրագրում 2019-ի համար նախանշել է 1.5 տոկոս գնաճ, հիմա՝ չի բացառում մի փոքր ավելի ցածր ցուցանիշը: Դա պայմանավորված է միրգ-բանջարեղենի գների տատանմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:

«Երրորդ եռամսյակի մեր ծրագրում նախանշված է, որ այս տարի կունենանք 1.5 տոկոս գնաճ: Հիմա վերջին զարգացումներով պայմանավորված հնարավոր է մի փոքր ավելի ցածր լինի: Մի փոքր ցածր կանխատեսումը կախված է միրգ-բանջարեղենի գների տատանումների հետ, որն էլ  պայմանավորված է առաջարկի գործոններով»,-ասաց Գրիգորյանը:

Գնաճը սեպտեմբերի դրությամբ 0.5 տոկոս է: Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել հոկտեմբերի ցուցանիշը, սակայն Կենտրոնական բանկի գնահատականներով՝ դա էապես չի փոխվի, կլինի 0.5 տոկոսի մոտակայքում, միգուցե մի փոքր ավելի: ԿԲ-ն չի նպատակադրում գնաճն արագ վերադարձնել նպատակային 4 տոկոս թիրախի:

«Մենք դա պատկերացնում և նպատակադրում ենք անել 3 տարվա ընթացքում: Գնահատում ենք, որ դրամավարկային պայմաններն այս պահին բավականին խթանող են գնաճի աստիճանական վերականգնումն ապահովելու համար»,-ասաց Գրիգորյանն ու վստահեցրեց՝ ցանկացած տեսակի ռիսկերի դեպքում կապահովեն գնաճի նպատակի իրագործումն իրենց դրամավարկային քաղաքականության գործիքներով:


© 2009 ARMENPRESS.am