Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն իրական արդյունք են բերում. Փոմպեո

11:56, 5 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պնդում Է, որ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին եւ ստիպում են նրա ղեկավարությանը՝ կրճատել ծախսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պետքարտուղարը հայտարարել Է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ինչպես նշել Է Փոմպեոն, ԱՄՆ-ը «պետք Է շարունակի ճնշում գործադրել Իրանի վրա: «Իրանի մուսուլման ղեկավարներն ստիպված են լինում ավելի ու ավելի դժվարին որոշումներ ընդունել իրենց բյուջեի վերաբերյալ»,-ասել Է նա:

ԱՄՆ-ի պետքարտուղարը հույս Է հայտնել, որ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները կխստացնեն քաղաքականությունն Իրանի նկատմամբ: «Կարծում եմ՝ եվրոպացիները կհասկանան, որ իրանցիներն ընթանում են ոչ ճիշտ ուղղությամբ»,-ասել Է նա: Փոմպեոն հանդես Է եկել պնդումով, որ Թեհրանը փորձում Է «միջոցներ շորթել Եվրոպայից ու Արեւմուտքից»:

Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել Է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին՝ դրանում ներառելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին, ինչպես նաեւ երկրի ինը քաղաքացիների, որոնց թվում Է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, եւ իրանական իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Ցուցակում են, մասնավորապես, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին, ինչպես նաեւ մի ամբողջ շարք գեներալներ, հոգեւորականներ եւ պաշտոնյաներ: Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել Է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները խոսում են նրա հուսահատության եւ իր նպատակներին դիվանագիտությամբ հասնելու անկարողության մասին: «Նման գործողությունները խոսում են միայն այդ ռեժիմի հուսահատության եւ դիվանագիտությունը շահավետ օգտագործելու անկարողության մասին»,- Մուսավիի խոսքը մեջբերել Է Իրանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Միակողմանի սահմանափակումների դիմելու ԱՄՆ-ի գործելակերպը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել Է բացարձակ պասիվ, ընդունակ միայն անհեթեթ պատժամիջոցների»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am