Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ որոշ քաղաքական խմբեր շահարկում են դրամաշնորհների թեման

14:27, 4 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է անում մասնագետներին ոլորտներում առկա խնդիրների մասին խոսել, տարբեր հարցերի շուրջ բարձրաձայնել իրենց տեսակետը: Հակառակ պարագայում խոսում են ոչ մասնագետները, որի արդյունքում ոլորտը հետընթաց է ապրում:

«Ինչպիսի՞ դրամաշնոհներ պետք է տա նախարարությունը, ի՞նչ առաջնահերթություններ պետք է սահմանի, սրանք շատ կարևոր  հարցեր են: Արվեստագետները չեն խոսում այս մասին, այլ խոսում են որոշակի քաղաքական խմբեր, որոնք շահարկում են այս գործընթացները: Երբ արվեստագետները խոսեն, ապա բոլոր քաղաքական ուժերը, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչները կլռեն: Արդյունքում, արվեստագետները կձևավորեն ճաշակ, քաղաքականություն, և մենք հաշվի կառնենք նրանց խորհուրդները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով դրամաշնորհների հետ կապված վերջերս բարձրացրած աղմուկին:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու չեն խոսում արվեստագետները, Արայիկ Հարությունյանը նշեց, որ երբ մի արվեստագետ որոշակի քաղաքական խմբի ոչ հաճո դիտարկումներ է անում, այդ քաղաքական խմբերի վերահսկողության տակ գտնվող լրատվական միջոցները հարձակում են գործում այդ մասնագետի վրա, ու մարդիկ գերադասում են լռել:

«Ես ուզում եմ կոչ անել արվեստագետներին իրենց չափով թեկուզ փոքր պատասխանատվություն վերցնեն և խոսեն այս գործընթացների մասին: Եթե դուք չեք խոսում, այլ խոսում են ոլորտին ոչ ծանոթ խմբերը, ապա հետ են տանում ոլորտը»,-ասաց  նախարարը:

Արայիկ Հարությունյանը նկատեց, որ նույնը վերաբերում է Հայոց լեզու, Հայոց պատմություն Հայ գրականություն առարկաների թեմաներին:  Նրա խոսքով, բուհերում բազմաթիվ մասնագետներ ասում են, թե որքան կարևոր են նոր օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները: Ըստ էության, օրենքի նախագծում հավաքված են այնպիսի  փոփոխություններ, որոնք եկել են բազմաթիվ խմբերի կողմից որպես առաջարկներ:

«Սա նախարարի, փոխնախարարի ճաշակի խնդիր չէ: Սա ոլորտի մասնագետներից եկած խնդիրների լուծման մեխանիզմներն են»,-ասաց նախարարը:


© 2009 ARMENPRESS.am