ԱԻՆ-ը նախատեսում է հրդեհների մարման համար նաև ուղղաթիռ օգտագործել

12:15, 4 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մյուս տարի հրդեհների դեմ պայքարելու համար սպասում է 22 ճապոնական և 26 ռուսական մեքենաների: Պաշտպանության նախարարության հետ համատեղ կլուծեն նաև ուղղաթիռի հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Այս տարի հրդեհների քանակն աննախադեպ էր, ունեցել ենք 3000-ով ավել հրդեհ: Եղած տեխնիկան մնում է, բայց պետք է ավելացումներ լինեն: Բնականաբար, մենք պետք է պատրաստվենք հաջորդ տարվա հրդեհներին: Եվ սպասում ենք նոր խմբաքանակի` ճապոնական և ռուսական ուղղություններից` ճապոնական 22 մեքենա , ռուսական 26 մեքենա»,-ասաց Ցոլակյանն ու հավելեց` եթե դրանք գան ժամանակին,  բավականին ապահովված կլինեն:

Նախարարությունն այս տարի ևս տեխնիկական հագեցվածության առումով կարողացել է խնդիրը բավականաչափ լուծել: Ցոլակյանը նշեց` հրդեհների մարման աշխատանքների համար ուղղաթիռ ևս ունենալու են: Ավելորդ ծախսերից խուսափելու համար այդ հարցը լուծում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: «Ֆինանսական տեսանկյունից ձեռնտու չէ առանձին ԱԻՆ-ի համար ունենալ այդ միջոցը»,-նշեց նա:


© 2009 ARMENPRESS.am